Դիանա Մալենկոն՝ «Փոքրիկ իշխանի» դերում․ Դրամատիկականում նոր ներկայացման պրեմիերա է
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հանրությանը կներկայացնի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»՝ նոր, ժամանակակից մոտեցմամբ: Ընտանեկան ներկայացման պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 26-ին:
Ներկայացման ռեժիսորական հայացքը հիմնված է մի պարզ, բայց առանցքային գաղափարի վրա՝ Փոքրիկ իշխանը ոչ թե տարիքի մասին է, այլ էներգիայի: Դա ներքին լույսն է, որը կրում է մարդը՝ անկախ նրանից՝ փոքր է, թե մեծ: Այդ պատճառով ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը գլխավոր դերի համար հատուկ ընտրել է երիտասարդ դերասանուհի Դիանա Մալենկոյին, ում ներքին զգայունությունն ու արտիստիկ մտահղացումները մարմնավորում են այս հասարակ, բայց խորքային ճշմարտությունը:

«Փոքրիկ իշխանը ինձ համար առաջին հերթին այն փոքրիկ լույսն է, որը ապրում է յուրաքանչյուրի ներսում: Ինձ համար սա մի բացառիկ հնարավորություն է փոխանցել հանդիսատեսին այն զգացմունքները, որոնք ես ապրում եմ՝ այս կերպարը խաղալիս: Կարծում եմ՝ Փոքրիկ իշխանը միաժամանակ մանկական անմեղություն և հասուն, փիլիսոփայական ներքին ռիթմ է, և ինձ համար մեծ պատիվ է մարմնավորել այդ երկխոսությունը երեխայի և մեծահասակի միջև»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Դիանա Մալենկոն։

Նրա խոսքով՝ ներկայացման նոր մոտեցումը ընդգծում է, որ Փոքրիկ իշխանը ոչ սեռային, ոչ տարիքի սահմաններով է, այլ ներկայացնում է ներքին երեխային, որը ապրում է յուրաքանչյուրի ներսում՝ ազնիվ, անսահման երևակայող և սիրող:
Ներկայացումը համադրում է իմերսիվ սարքավորումներ, անիմացիոն պատկերներ և թատերական տեխնիկաներ, ստեղծելով յուրահատուկ զգայական փորձառություն: Ստեղծագործական թիմում ընդգրկված են արվեստագետներ, անիմատորներ, դիզայներներ Հայաստանից և արտերկրից, ինչն ապահովում է բարձրորակ ինովացիոն լուծումներ:

Ստեղծագործության բեմականացման հեղինակը և բեմադրիչը Գրիգոր Խաչատրյանն է։
Դերերում՝ Վլադիմիր Մսրյան, Լուսիա Հովհաննիսյան, Մերի Մկրտչյան, Արմեն Բարսեղյան, Կարեն Միրիջանյան, Նարեկ Քթոյան, Արմեն Մեսրոբյան, Հայկուհի Խուդավերդյան, Նիկոլայ Ավետիսյան, Էմմա Մանուկյան, Լիդիա Գրիգորյան։
Ներկայացման գլխավոր պրոդյուսեր՝ Էդվարդ Մխիթարյան, համապրոդյուսեր՝ Նարեկ Քթոյան։ Նկարչական ձևավորումը և զգեստները՝ Իզաբելլա Թչիխոնսկայի։ Նախագիծն իրականացվում է ism. մեդիա-փրոդաքշն ընկերության հետ համագործակցությամբ։

Հետևեք մեզ՝ այստեղ