Մեկուկես հազար օտարերկրյա լրագրողներ են լուսաբանելու Օբամայի այցը Կուբա
ՄիջազգայինՄեկուկես հազար օտարերկրյա լրագրողներ են հավատարմագրված մարտի 21-22-ին Կուբա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցը լուսաբանելու համար, նրանք ներկայացնում են շուրջ 400 ԶԼՄ-ներ ավելի քան 50 երկրներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է կղզի-պետության արտաքին գործերի նախարարությունը:
Լրագրողների աշխատանքն ապահովելու համար Հավանայի «Աբանա լիբրե» հյուրանոցում սրահ է բացվել ԶԼՄ-ների աշխատողների համար, որը տեղավորում է 1,5 հազար մարդու: Այստեղ ապահովված է լարային ու անլար մուտքը Համացանց եւ տեղակայված է 50 ստացիոնար համակարգիչ:
Սրահի բացման մասին հայտարարվել է Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսի մամուլի ասուլիսի ավարտին: Դրա ընթացքում ԱԳՆ-ի ղեկավարը շուրջ 20 երկրների լրագրողների առջեւ շարադրել է կղզու դիրքորոշումը շրջափակման թուլացման նպատակով այս շաբաթ Վաշինգտոնի կողմից հայտարարված նոր միջոցառումների նկատմամբ: Ինչպես նշել է Ռոդրիգեսը, «այդ միջոցառումները մեղմացնում են տնտեսական, առեւտրական ու ֆինանսական շրջափակումը, որը Վաշինգտոնի կողմից Հավանային պարտադրվել է ավելի քան կես դար առաջ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: