Սիրիայում ռուսական օդուժն ուժեղացվել է «Ալիգատոր» եւ «Նոչնոյ օխոտնիկ» ուղղաթիռներով
ՄիջազգայինՍիրիայից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի խմբավորման հիմնական մասի դուրսբերման առնչությամբ ահաբեկիչների դեմ սիրիական բանակի կրակային օժանդակման խնդիրները, հավանաբար, կդրվեն ռուսական Կա-52 «Ալիգատոր» եւ Մի-28 «Նոչնոյ օխոտնիկ» նոր մարտական ուղղաթիռների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Այն մասին, որ այդ մարտական մեքենաները համալրել են Սիրիայում օդատիեզերական ուժերի ավիացիոն խմբավորումը, վկայում են ռուսական եւ արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցների տեսանյութերը:
Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ՝ Կա-52 «Ալիգատոր» եւ Մի-28 «Նոչնոյ օխոտնիկ» մի քանի մարտական ուղղաթիռներ Սիրիա են հասցվել ռազմափոխադրական օդուժի ինքնաթիռներով:
Մի-28 «Նոչնոյ օխոտնիկ» եւ Կա-52 «Ալիգատոր» հարվածային ուղղաթիռները նախատեսված են հակառակորդի տանկերի, զրահապատ եւ ոչ զրահապատ մարտական տեխնիկայի, կենդանի ուժի եւ ուղղաթիռների ոչնչացման համար՝ ցանկացած եղանակային պայմաններում եւ օրվա ցանկացած ժամանակ: