Էկվադորում 22 մարդ է զոհվել ինքնաթիռի կործանման հետեւանքով
Ուշադրության կենտրոնումՌազմական ինքնաթիռ է կործանվել Էկվադորի արեւելյան մասի Պաստասայի նահանգում, ինչի հետեւանքով 22 մարդ է զոհվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իր Twitter-ում հայտնել է երկրի նախագահ Ռաֆայել Կորեան: Բոլոր զոհվածները զինծառայողներ են:
Էկվադորի նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:
Ավելի ուշ BBC News-ը հայտնել է, որ ավիաաղետը տեղի է ունեցել մարտի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:30-ին (Երեւեանի ժամանակով՝ ժամը 23:00-ին): Կործանվել է իսրայելական արտադրության Arava փոխադրական ինքնաթիռը: Ողբերգության պատճառներն առայժմ հայտնի չեն:
Զոհված 22 զինծառայողներից 19-ը պատրաստվում էին վարժական թռիչք կատարել պարաշյուտով: Նաեւ օդանավում եղել են երկու օդաչուներ եւ մեխանիկը:
Ավիաաղետի վայր են մեկնել Էկվադորի պաշտպանության նախարար Ռիկարդո Պատինոն եւ մի խումբ փրկարարներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: