Տուլայում հայկական ավտոբուսի վթարի գործով նախաքննությունը մոտենում է ավարտին
Ուշադրության կենտրոնումNews.am-ը գրում է .
Տուլայում 2015թ. նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի գործով նախաքննությունը մոտենում է ավարտին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ողբերգական վթարի գործով մեղադրյալ, վարորդ Գառնիկ Հարությունյանի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ առաջիկայում նյութերը կտրամադրվեն իրենց՝ ծանոթանալու համար:
«Նյութերին մանրամասն ծանոթանալուց հետո կարող ենք խոսել վթարի պատճառների մասին»,- ասաց Ռուբեն Կիրակոսյանը:
Նշենք, որ ավտոբուսը պատկանում էր «Քինգ Դելյուքս»-ին: Ի սկզբանե վարկածներ էին շրջանառվում, որ վարորդը կամ արագությունն է գերազանցել, կամ բջջային հեռախոսով է խոսել:
Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Վթարից զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։ Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։