Վրաստանի գլխավոր դատախազությունը անձնական կյանքի դեմ ոտնձգության գործով հետաքննություն է սկսել 5 անձի նկատմամբ: Քաղաքական գործիչներին վարկաբեկող տեսանյութեր տարածողներին որոնելու գործին միացել են նաեւ ամերիկյան ծառայությունները:
Ըստ «Նովոստի Գրուզիա»-ի, մարտի 14-ին համացանցում երկրորդ սկանդալային տեսանյութն է հայտնվել քաղաքական գործիչների մասնակցությամբ, որը նկարահանվել է գաղտնի տեսախցիկով: Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել երկու տեսանյութերի տարածման առիթով:
Դատախազությունը ձերբակալել է իրավապահ մարմինների նախկին աշխատակից Զուրաբ Ջամալաշվիլիին եւ նրան մեղադրել քաղաքական գործիչների անձնական կյանքի մասին տեսանյութեր պահելու եւ տարածելու մեջ:
Գերատեսչությունում կայացած ճեպազրույցում նշվել է, որ 2015 թվականի դեկտեմբերին ՆԳՆ նախկին աշխատակից Նիկոլոզ Խաչապուրիձեն կապ է հաստատել ոմն Գելա Գուրցկայայի հետ՝ նրան առաջարկելով գումարի դիմաց տեսագրություն տրամադրել վրացական թերթերից մեկի խմբագրին: Խաչապուրիձեն տեսանյութը ստացել է ընկերուհուց՝ Ինգա Չիտոյանից, իսկ նա, իր հերթին, փաստաբան Իրակլի Փխալաձեից, Փխալաձեն էլ՝ Զուրաբ Ջամալաշվիլիից: