Բրիտանիայի արքայազն Հարին մասնակցելու է ռնգեղջյուրների պահպանության ծրագրին
Lifetert.am-ը գրում է.
Բրիտանիայի արքայազն Հարին մտադիր է Աֆրիկա կատարելիք իր եռամսյա ճամփորդության մի մասն անցկացնել` աջակցելով անհետացման վտանգի առաջ կանգնած սև ռնգեղջյուրների փրկությանը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 30-ամյա արքայազնը, ով մտադիր է Բրիտանիայից մեկնել ամսվա վերջին, ամառը կանցկացնի Նամիբիայի հյուսիսարևմտյան Կունենե շրջանում` սովորելով պահպանել ռնգեղջյուրներին և անապատային փղերին:
Այս ծրագիրն արքայազն ընտրել է հարյուրավոր նախագծերից` ծանոթանալով Բնության պահպանության կոմիտեի և ռնգեղջյուրների պահպանությամբ զբաղվող ընկերության կատարած աշխատանքներին:
Արքայազնը մտադրություն ունի նաև ծանոթանալ երկրի հյուսիսարևմտյան տափաստանային շրջանում բնակվող Հիմբա ցեղի կյանքին:
Հաղորդվում է, որ Հարին մեկնելու է նաև Բոցվանա, որտեղ մեկ այլ բարեգործական նախագծի կմասնակցի։ Այստեղ բնակվում են Բուշմեն ցեղի վերջին ներկայացուցիչները: