Լոռու մարզում 9 ամսական երեխա է մահացել. ծնողներին ասել են՝ նա լեյշմանիոզով է վարակված եղել
Ուշադրության կենտրոնումNews.am-ը գրում է .
Լոռու մարզի Շնող գյուղում մարտի 9-ին 9 ամսական աղջիկ է մահացել, որն, ըստ ծնողների, նախնական ախտորոշմամբ լեյշմանիոզ հիվանդությամբ է վարակված եղել:
Փոքրիկի ծնողներն առաջին անգամ ամբուլատոր բուժօգնության համար փետրվարի 17-ին դիմել են գյուղի ամբուլատորիա: Ամբուլատորիայի տնօրեն Հերմինե Առաքելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխայի մոտ սուր շնչական հիվանդություն են կասկածել:
«Երեխան ընդհանուր հանգիստ է եղել, ոչ մի խնդիր չի եղել: Դիմել է 37.2 ջերմությամբ, փետրվարի 19-ին ջերմությունը դարձել է 38 աստիճան, ծնողները տարել են Ալավերդու բժշկական կենտրոն»,- ասաց նա:
Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Ալավերդու հիվանդանոցից երեխային օրեր անց տեղափոխել են Երեւանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:
«Ալավերդու հիվանդանոցում 8 օր մնացել է, տեսել են, որ առաջընթաց չկա, տարել են Երեւան, այնտեղ մի քանի օր մնալուց հետո մահացել է: Սկզբից ինչ-որ անալիզներ են տվել, չեն հայտնաբերել հարուցիչները, հետո երկրորդ անալիզն են տվել, նոր հայտնաբերվել է լեյշմանիոզ»,- ասաց է Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը:
Գյուղապետը նշեց նաեւ, որ Երեւանից հատուկ հանձնաժողով է ժամանելու գյուղ:
«Ասում են՝ Շնողում այդ վարակի աղբյուրը կա: Գան, տեսնենք՝ դա ինչից ա»,- ասաց գյուղապետը:
9 ամսական Հայկուհին ընտանիքի երկրորդ երեխան էր: Ընտանիքի ավագ դուստրը 3 տարեկան է:
Նենք, որ լեյշմանիոզները պատկանում են հիվանդությունների այն խմբին, որոնց հարուցիչները լեյշմանիա ցեղին պատկանող նախաէակներ են: Լեյշմանիոզների փոխանցողներ են Phlebotomus ցեղին պատկանող մլակները: Վարակի աղբյուր են դառնում տարբեր կենդանիներ, իսկ որոշ ձեւերի ժամանակ` մարդը: