Անկարայի ահաբեկչության զոհերի թիվն ավելանում է
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրականացված վերջին ահաբեկչության զոհերի թիվն ավելանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի:
Դեպքի վայրում զոհվել է 30 մարդ, այդ թվում և ենթադրյալ երկու ահաբեկիչները: Յոթը զոհվել են հիվանդանոցներում: Նախարարի խոսքով՝ այս պահին հիվանդանոցներում կա 71 վիրավոր, նրանցից 15-ի վիճակը ծանր է:
Անկարայում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 13-ին քաղաքի կենտրոնական հատվածում` ավտոբուսի կանգառներից մեկում, որը գտնվում է Թուրքիայի վարչապետի աշխատավայրի մոտ` Գյուվեն այգու մերձակայքում: Պայթյունի ժամանակ նշված տեղանքում մեծ թվով մարդիկ են եղել: Ամբողջությամբ այրվել է մեկ ավտոբուս: