Էրդողանը չի հետաձգել այցն Ադրբեջան
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում իրականացված ահաբեկչությունից հետո չի հետաձգել մարտի 15-ին նախատեսված այցն Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Report-ին հայտնել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպանությունից՝ տեղեկացնելով, որ Էրդողանի այցը շարունակում է մնալ օրակարգում:
Ի տարբերություն Էրդողանի՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հետաձգել է Հորդանան ծրագրավորած այցը:
Թուրքիայի նախագահը ծրագրավորել էր այցելել Ադրբեջան դեռևս փետրվարի 18-ին, սակայն փետրվարի 17-ին մայրաքաղաք Անկարայում 29 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Էրդողանը հետաձգել էր այցը:
Անկարայում հերթական ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 13-ին քաղաքի կենտրոնական հատվածում` ավտոբուսի կանգառներից մեկում, որը գտնվում է Թուրքիայի վարչապետի աշխատավայրի մոտ` Գյուվեն այգու մերձակայքում: Պայթյունի ժամանակ նշված տեղանքում մեծ թվով մարդիկ են եղել: Ամբողջությամբ այրվել է մեկ ավտոբուս: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 34 մարդ, 125-ը տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանցից 19-ի վիճակը ծանր է: