Վիագրան մեծացնում է մաշկի քաղցկեղի զարգացման վտանգը
LifeՎիագրան, որը որոշ տղամարդիկ օգտագործում են անկողնում իրենց ավելի վստահ զգալու համար, կարող է բարձրացնել մելանոմայի` մաշկի վտանգավոր քաղցկեղի զարգացման վտանգը: Այդ մասին հայտնում են Թյուբինգենի համալսարանի (Գերմանիա) գիտնականները:
Գիտնականները վաղուց էին նկատել վիագրայի եւ քաղցկեղի միջեւ կապը: 2014-ին, օրինակ, 15 000 տղամարդու մասնակցությամբ խոշոր հետազոտություն էր հրապարակվել, որը եւս ցույց էր տվել, որ այդ դեղամիջոցը մեծացնում է չարորակ քաղցկեղի զարգացման վտանգը: 2015-ին հրապարակված շվեդական հետազոտությունը եւս հաստատեց դա: Ճիշտ է, այդ բոլոր հետազոտությունները չէին կարողանում բացատրել կապի մեխանիզմը:
Իսկ գերմանացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ վիագրայի ազդեցության տակ քաղցկեղի բջիջներն անհամեմատ ավելի արագ են աճում եւ բազմանում: Դեղամիջոցը խթանող ազդեցություն է գործում cGMP կոչվող մոլեկուլների վրա, որոնք իրենց հերթին նպաստում են մելանոմայի բջիջների աճին:
Կենդանիների մասնակցությամբ, ինչպես նաեւ լաբորատոր պայմաններում մարդկային բջիջների օգտագործմամբ հետազոտությունները հաստատել են դա:
Գիտնականները սակայն նշել են, որ էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար Վիագրայի օգտագործումից հրաժարվել չարժե: Նրանց կարծիքով, դեղամիջոցն ազդում է հիմնականում արդեն գոյություն ունեցող քաղցկեղային բջիջների վրա եւ արագացնում է աճը, հատկապես եթե այն շատ են խմում եւ մեծ չափաբաժնով: Ամեն դեպքում մելանոմայով հիվանդները պիտի բժշկի հետ խորհրդակցեն Վիագրայի ընդունումը սկսելուց առաջ: