Պաշտպանության նախարարն ու Օմբուդսմենը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
ՄիջազգայինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 12-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամ՝ մեծապես կարևորելով Պաշտպանի ինստիտուտի դերը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համագործակցության զարգացման ու ամրապնդման հեռանկարները, ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ առկա մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ համատեղ աշխատանքների կազմակերպման հարցերում: Մասնավորապես, անդրադարձ է եղել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ու ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական ենթակայությամբ ստեղծված Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի միջև աշխատանքային կապերի ստեղծմանն ու համագործակցության օպերատիվ համակարգի ներդրմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների աջակցությամբ համատեղ համալիր ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին արդյունավետ ու կառուցողական համագործակցության ծավալման պատրաստակամության համար: