Ուկրաինացիների շուրջ 60 տոկոսը բացասական վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ
ՄիջազգայինՈւկրաինայի Գորշենինի անվան ինստիտուտը հետազոտություն է կատարել` պարզելու համար ուկրաինացիների վերաբերմունքը այլ ազգերի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, հետազոտությունը վերնագրված է «Ուկրաինայի բնակչության հասարակական-քաղաքական տրամադրվածությունները»:
Ըստ հետազոտության արդյունքների ուկրաինացիների 62%-ը բացասական վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ, որոնցից 41%-ը «հստակ վատ» է վերաբերվում Ռուսաստանին, իսկ 21%-ը «ավելի շուտ վատ, քան լավ», հարցին դժվարացել է պատասխանել 9.6%-ը, իսկ դրական վերաբերմունք ունեցողների թիվը 28.4% է:
ԱՄՆ-ի նկատմամբ դրական վերաբերմունք ունի հարցված ուկրաինացիների 62.8%-ը, իսկ բացասական 25.8%-ը, Լեհաստանի նկատմամբ` համապատասխանաբար դրական 79.1%, բացասաբար 11.1%, Գերմանիայի նկատմամբ` 77.5% դրական, Ֆրանսիայի նկատմամբ` 75.6%, Կանադայի նկատմամբ` 78.7%, իսկ Թուրքիայի և Չինաստանի նկատմամբ մոտ 58.5%:
Հետազոտությունը փաստում է, որ ուկրաինացիներն առավել դրական են տրամադրված Բելառուսի և Վրաստանի նկատմամբ` համապատասխանաբար 83.6% և 81.6%: Հարցումներն անցկացվել են այս տարվա փետրվարի 8-17-ը: Ուկրաինայի ամբողջ տարածքում դրանց մասնակցել է շուրջ 2000 մարդ: