Ազատության հրապարակում ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը հոգեպես առողջ է
Ուշադրության կենտրոնումԵրեւանի Ազատության հրապարակում մարտի 6-ին ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը հոգեպես առողջ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Երեւանի «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի տնօրեն Սամվել Թորոսյանը՝ նշելով, որ դեպքից հետո տղամարդն իրենց մոտ էր տեղափոխվել եւ երկու օր հանձնաժողովի կողմից հետազոտվել:
«Տղամարդը դուրս կգրվի հիվանդանոցից: Վիճակը լավ է, պարզապես ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Ինքն էլ է ասում, որ չէր պատրաստվում կյանքին վերջ տալ, պարզապես ալկոհոլի ազդեցության տակ նման վարքագիծ է դրսեւորել»,- ասաց Սամվել Թորոսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ տղամարդը փորձել էր ինքնահրկիզվել, քանի որ տանտերը պահանջել էր ազատել այն բնակարանը, որն իրենք վարձակալել էին: 4 երեխաների հայրը գնել էր օղի, եկել Ազատության հրապարակ, որտեղ ալկոհոլի ազդեցության տակ փորձել էր կյանքին վերջ տալ: Այդ պահին օգնության էին հասել ոստիկանության աշխատակիցները: