Համաշխարհային հանրության առաջ կանգնած է «տնտեսական աղետի վտանգը», որից խուսափելու համար անհրաժեշտ կլինի պահանջարկի խթանման շտապ միջոցներ ձեռք առնել: Այդ մասին հայտնել է ԱՄՀ-ի տնօրեն-կարգադրիչի տեղակալ Դեւիդ Լիպտոնը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ակնհայտ է, որ համաշխարհային տնտեսությունը բարդ վիճակում է: Բարձրաստիճան պաշտոնատար անձինք պիտի շտապ միջոցներ ձեռք առնեն դանդաղած աճը եւ նոր սպառնալիքները` հումքային եւ ֆինանսական շուկաներում անկայունությունը հաղթահարելու համար, Լիպտոնի խոսքերն է մեջբերում Financial Times-ը:
Անցյալ տարվա ընթացքում «գլոբալ կապիտալի ծավալի եւ առեւտրական հոսքերի կտրուկ կրճատումը» տնտեսագետի խոսքով համաշխարհային տնտեսության առաջիկա լուրջ խնդիրների ամենատխուր նշաններից մեկը դարձավ:
«Եկել է տնտեսական ակտիվությանն աջակցելու եւ համաշխարհային տնտեսությունը ավելի խոշոր հիմքի վրա դնելու ժամանակը», — կարծում է ԱՄՀ-ի տնօրեն-կարգադրիչի առաջին տեղակալը:
FT-ն նշում է, որ տնտեսական վիճակի համար անհանգստությունն առաջացել է Չինաստանի առեւտրական բացասական վիճակագրության հրապարակման ֆոնին: Փետրվարին ՉԺՀ-ում անկում է ապրել արտահանման եւ ներմուծման ծավալը, արտահանման ծավալները 2009-ից ի վեր ամենավատ ցուցանիշներն են արձանագրել: Չինաստանի ՀՆԱ-ն եւս անցյալ տարի աճի ամենափոքր արժեքն է ունեցել վերջին 25 տարվա համեմատ: