Դոնեցկի «Մետալուրգ»-ը դադարեցնում իր գոյությունը
Ուշադրության կենտրոնում
Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբը, որի սեփականատերերից մեկը հայազգի գործարար Օլեգ Մկրտչյանն է և որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը, դադարեցնում է իր գոյությունը: Այդ մասին ուկրաինական «Վեստի» պորտալին տեղեկացրել է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն:
Դոնեցկյան ակումբը միավորվում է Դնեպրոձերժինսկի «Ստալ»-ի հետ, որն Ուկրաինայի առաջին լիգայում զբաղեցրել է երկրորդ տեղը: Երկու ակումբներն էլ պատկանում են օլիգարխ Սերգեյ Տարուտային և նրա գործընկեր Օլեգ Մկրտչյանին:
Պրեմիեր լիգայում տեղը կհասնի միավորված կոլեկտիվին, որը կկրի «Ստալ» անունը:
«Մետալուրգ»-ը 1997 թվականից ի վեր ոչ մի անգամ չի լքել Պրեմիեր լիգան: Ակումբը երեք անգամ դարձել է Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր: Նոր մրցաշրջանում «Ստալ»-ը պատրաստվում է նախ հանդես գալ Դնեպրոպետրովսկի «Մետեոր» մարզադաշտում, քանի որ Դնեպրոձերժինսկի իր մարզադաշտը դեռևս չի համապատասխանում Պրեմիեր լիգայի պահանջներին: