Պենտագոնը հայտնել է ԻՊ-ի պարագլուխներից մեկի՝ Ումար աշ Շիշանիի հավանական մահվան մասին
ՄիջազգայինՊենտագոնը հայտնել է, որ Ումար աշ Շիշանիի (հայտնի է նաև որպես Ումար Չեչեն), վերացման գործողություն է անցկացրել Սիրիայի հյուսիս-արևելքում: Շիշանին «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման պարագլուխներից մեկն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«ԻՊ-ի պարագլուխներից մեկը՝ Թարխան Թայմուրազի Բատիրաշվիլին՝ Աբու Ումար աշ Շիշանի մականվամբ, հավանաբար ոչնչացվել է ավիահարվածի հետևանքով»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Պենտագոնում չեն կարողացել վերջնականապես հաստատել ահաբեկչի զոհվելը: Բատիրաշվիլիի ոչնչացման մասին ավելի վաղ հայտարարել էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, սակայն պարզվել է, որ ծայրահեղականը ողջ է:
Դրանից քիչ առաջ Շիշանին տեսագրություն էր հրապարակել համացանցում, որում նախագահ Պուտինին խոստացել էր «ազատագրել Չեչնիան և Կովկասը»:
Նախքան Սիրիա մեկնելը Բատիրաշվիլին բնակվել է Բիրկիանի գյուղում, ծառայել է վրացական բանակում, իսկ մինչ այդ անասուններ էր արածացնում Կովկասի լեռներում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: