ԿԺԴՀ-ն կարող է կանխիչ միջուկային հարվածներ հասցնել ԱՄՆ-ին. Կիմ Չեն Ըն
ՄիջազգայինԿԺԴՀ-ին հաջողվել է ստեղծել կոմպակտ միջուկային մարտագլխիկներ, որոնք պիտանի են բալիստիկ հրթիռների հանդերձման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության մարտի 9-ի հաղորդագրությանը, հայտարարել է Կիմ Չեն Ընը միջուկային սպառազինությունների ստեղծման բնագավառի մասնագետների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ «զանգվածի նվազեցման միջոցով երկրում ստեղծվել են կոմպակտ միջուկային մարտագլխիկներ, որոնք համապատասխանում են բալիստիկ հրթիռների հանդերձմանը»:
Կիմ Չեն Ընը հանդես է եկել քանակական և որակական առումով երկրի միջուկային ներուժի հետագա ամրապնդման օգտին այնքան ժամանակ, «քանի դեռ իմպերիալիստների կողմից գոյություն ունի միջուկային սպառնալիքը»: Նա նախազգուշացրել է, որ «ԿԺԴՀ-ն առանց որևիցե վարանման կանխիչ միջուկային հարվածներ կհասցնի ԱՄՆ-ին, եթե ամերիկացի իմպերիալիստները սպառնան իր ինքնիշխանությանը և գոյության իրավունքին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: