ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար. Փհենյանի միջուկային զենքը վտանգավոր է նաև տարածաշրջանից դուրս գտնվող երկրների համար
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի միջուկային զենքը մտահոգություն է առաջացնում ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլեւ դրա սահմաններից դուրս գտնվող պետությունների համար: Այս մասին մարտի 7-ին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն:
«Մենք չենք գնահատում Հյուսիսային Կորեայի սպառազինությունը, եւ մեզ պետք չէ հասկանալ, թե որքանով լուրջ միջուկային զենք ունեն նրանք: Դա ավելի շատ ռազմական ոլորտի հարց է: Բայց լուրջ անհանգստություն է առաջացնում այն, որ Հյուսիսային Կորեան միջուկային զենք է մշակել եւ փորձարկել, եւ դա սպառնում է տարածաշրջանի հարեւան երկրներին եւ դրա սահմաններից դուրս»,- ասել է Յուկիյա Ամանոն:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նաեւ հավելել է, որ Փհենյանի միջուկային ծրագիրն ընդհանուր առմամբ շարունակում է անհանգստության հիմնական պատճառներից մնալ, իսկ Հյուսիսային Կորեայի վերջին հայտարարությունները հատկապես մտահոգիչ են:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի Պաշտպանության կոմիտեն, որը գլխավորում է երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը, հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժությունների ժամանակ անվտանգությանը սպառնալիքի դեպքում Փհենյանը պատրաստ է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել այդ երկրների ուղղությամբ: