Վանաձորցի եռյակ նորածինները հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հանրակացարան են տեղափոխվել
ՀասարակությունՎանաձորում փետրվարի 18-ին ծնված եռյակ տղաները՝ Արմանը, Արենն ու Արտյոմը դուրս են գրվել հիվանդանոցից: Տղաների մոր՝ Ռիմայի խոսքով երեխաների առողջական վիճակն այժմ լավ է:
«Վանաձորի ծննդատան բժիշկների ուշադիր վերաբերմունքի շնորհիվ երեխաներն այլևս առողջական խնդիրներ չունեն»,- ասում է մայրիկը:
Օրեր առաջ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում եռյակի հայրն ասել էր, որ բնակվելու տեղ չունի, կուտակված պարտքերի պատճառով այլևս չի կարողանում վճարել վարձակալած բնակարանի վարձն ու կոմունալ վճարները:
Վանաձորի քաղաքապետարանի կողմից բազմանդամ ընտանիքին Երևանյան 90 հասցեում գտնվող հանրակացարանում սենյակ է հատկացվել: Երիտասարդ հայրիկը, սակայն, երեխաներին հիվանդանոցից տարել է ոչ թե այդ սենյակ, այլ նույն հանրակացարանում ապրող տատիկի սենյակը:
«Սենյակը նորոգման կարիք ունի, դռների, պատուհանների մոտ բազմաթիվ ճեղքեր ու անցքեր կան, որոնք պետք է փակեմ, սենյակը վերանորոգեմ, որից հետո միայն կկարողանամ երեխանեևրին այդտեղ տանել»,- ասում է Սամվելը:
Այս օրերին Հայաստանի տարբեր համայնքներից արձագանքել ու երիտասարդ հայրիկին աջակցել են թե մանկական հագուստով, թե մահճակալներով: Դրամական աջակցություն ևս եղել է. Սամվելը կարողացել է որոշ չափով կահավորել սենյակը:
Ընտանիքի համար, սակայն, այսօր օրախնդիր է լվացքի մեքենայի ու սառնարանի հարցը: Աղբատար մեքենայի բանվոր աշխատող Սամվելի մոտ 50.000 դրամ կազմող աշխատավարձը նրան թույլ չի տալիս հոգալ նույնիսկ օրվա հացի խնդիրը:
«Գոնե որ լվացքի մեքենա ունենայինք, երեխաներին խնամելու գործը կհեշտանար»,- նշում է երեխաների հայրը:
Նա հույս ունի, որ աջակցողներ դեռ կգտնվեն, որոնց շնորհիվ ինքը կկարողանա նորոգել սենյակն ու գնել խիստ անհրաժեշտ կենցաղային իրերը: