Բժիշկներն ասում են՝ ոչինչ անել հնարավոր չէ. 3 ամիս առաջ վիրավորված զինծառայողը տեսողական խնդիրներ ունի
Ուշադրության կենտրոնումՀակառակորդի հրետակոծության հետեւանքով անցած տարվա դեկտեմբերի 5-ին ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայող Վարազդատ Խաչատրյանը տեսողական խնդիրներ ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վիրավորված զինծառայողի հայրը՝ Իշխան Խաչատրյանը:
«Մի աչքն ընդամենը 10 տոկոսով է տեսնում: Բժիշկներն ասում են՝ հնարավոր չի որեւէ բան անել, նույնիսկ այդ 10 տոկոսը պահպանելն է այսօր խնդիր դարձել: Ակնոցն էլ որեւէ բանով չի կարող օգնել»,- ասաց Իշխան Խաչատրյանը:
Վարազդատ Խաչատրյանն արդեն տանն է, դեռեւս քայլել էլ չի կարողանում. ոտքը գիպսի մեջ է: Չի բացառվում, որ զինծառայողը կրկին վիրահատության ենթարկվի, քանի որ ոտքի մեջ բեկորներ են մնացել:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հակառակորդի հրետակոծության հետեւանքով 2015թ. դեկտեմբերի 5-ին ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:
Օրեր անց Խաչատրյանը տեղափոխվել էր Երեւանի «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոն, ապա հոսպիտալ: