Mac համակարգիչներն առաջին անգամ վարակվել են շորթիչ վիրուսով
ՄիջազգայինApple Inc. ընկերության համակարգիչները դարձել են ցանցահենների թիրախը: Մարտի 5-6-ն անհայտ չարագործները գործադրել են KeRanger տարածված ծրագրի վնասաբեր տարբերակը, որը վերագրվում է շորթիչ վիրուսների դասին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին հաղորդել է Reuters-ը:
«Այս ծրագիրն անտարակույս դարձել է իր տեսակի մեջ առաջինը: Այն գործառական է, ծածկագրում է ֆայլերը և փրկագին պահանջում»,- գործակալությանը հայտարարել է Palo Alto Threat Intelligence ընկերության տնօրեն Ռայան Օլսոնը:
Ցանցահենները Mac համակարգիչները վարակում են հանրաճանաչ ծրագրի փչացած պատճենի միջոցով, պարզաբանում են մասնագետները: Դրա իբր վերջին տարբերակը՝ 2.90-ը, հայտնվել է մարտի 4-ին: Համակարգչում «բեռնելիս» այն երեք օր մնում է ոչ ակտիվ, իսկ այնուհետև սկսում է ծածկագրել օգտատիրոջ ֆայլերը և վերծանման համար պահանջել մեկ բիտկոին (շուրջ 400 ամերիկյան դոլար) փրկագին:
Apple ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը քայլեր է ձեռնարկում վնասաբեր ծրագրի հետագա տարածումը կանխելու համար: Նա հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել:
KeRanger օրինական ծրագրի արտադրողն օգտատերերին խորհուրդ է տվել մինչև 2.92 տարբերակն անհապաղ նորացում կատարել, եթե կասկածում են, որ դրանք կարող են վարակված լինել: