Մանուկ հասակում հոգեբանական բռնությունը մեծացնում է միգրենի ռիսկը
ՀասարակությունՀոգեբանական բռնության ենթարկված երեխաները հասուն տարիքում հաճախ տառապում են միգրենից: Դա է ցույց տվել Տոլեդոյի համալսարանի աշխատակիցների իրականացրած հետազոտությունը: Գիտնականները վերլուծել են 24-ից 32 տարեկան 14484 մարդու վերաբերյալ տվյալներ: Մասնագետները պարզել են, թե կամավորներից ով է մանուկ հասակում հոգեբանական, ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկվել: Գիտնականները նաեւ պարզել են, թե ով է միգրեն ունեցել:
Հետազոտությունները պարզել են, որ կամավորների մոտ 47 տոկոսը հոգեբանական բռնության է ենթարկվել, 18-ը` ֆիզիկական, 5 տոկոսը` սեռական: Միգրենից տառապել է մասնակիցների գրեթե 14 տոկոսը: Մանուկ հասակում բռնության ենթարկված կամավորների 61 տոկոսը միգրեն է ունեցել, իսկ 41 տոկոսը` ոչ: Այն կամավորները, որոնք մանուկ հասակում բռնության են ենթարկվել, 55 տոկոսով ավելի հակված են եղել միգրենի նրանց համեմատ, որոնք բռնության չէին բախվել:
Մասնագետները հաշվի են առել այն գործոնները, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա, ներառյալ սեռը, եկամտի մակարդակը եւ էթնիկ պատկանելիությունը: Պարզվել է, որ այն մասնակիցները, որոնք հոգեբանական բռնության էին ենթարկվել, միգրենից տառապում էին 52 տոկոսով ավելի հաճախ, քան նրանք, ովքեր բռնության չէին ենթարկվել: Եվ սեռական, եւ ֆիզիկական բռնությունը գործնականում չէին ազդել միգրենի վտանգի վրա: