Ռուս օդաչուին սպանած թուրք ազգայնականը սպառնացել է ՌԴ-ին. Սպասում եմ ձեզ ցամաքում (լուսանկար)
ՄիջազգայինՍիրիայում թուրքական կողմից խոցված օդանավի կատապուլտված ռուս օդաչուին սպանած թուրք ազգայնական Ալփասլան Չելիքը խոստովանել է, որ Սիրիայում կառավարական ուժերի դեմ պայքարում իրենց ջոկատներին ամեն ինչում աջակցում է Թուրքիան։
Թուրքական Gazetevatan կայքի թղթակցի հետ զրույցում Ալփասլան Չելիքը մարտահրավեր է նետել ՌԴ-ին՝ ասելով, թե ՌԴ-ն միայն օդից է հարվածում, սակայն ինքը Ռուսաստանին ցանկանում է պատասխան տալ հենց ցամաքում։ «Մենք օդանավեր չունենք, որ ՌԴ-ի հետ օդում պայքարենք։ Մենք ՌԴ-ին Սիրիայում սպասում ենք ցամաքում»,-ասել է Ալփասլան Չելիքը։
Թուրք ազգայնականը խոստովանել է, որ Ասադի դեմ կռվող իրենց ջոկատներին ամբողջական աջակցություն տալիս է միայն Թուրքիան։ «Մեզ Թուրքիայից օգնում են Կարմիր մահիկը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ազգայնական կառույցները, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության երիտասարդական թեւերը, քաղաքապետարանները եւ բազմաթիվ ՀԿ-ներ»,-նշել է Ալթասլան Չելիքը։
Նշենք, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ Ալփասլան Չելիքը Թուրքիայի կողմից ֆինանսավորվող ջոկատի կազմում մասնակցում է Սիրիայում կառավարական ուժերի դեմ պատերազմին։ Հենց այս ջոկատներն էին 2015-ի գարնանը զավթել հայաբնակ Քեսաբը։
Չելիքը աչքի ընկավ նրանով, որ Թուրքիայի կողմից Սիրիայում ռուսական «Սու-24»-ի խոցումից հետո հայտարարել էր, թե ինքն է սպանել օդանավից կատապուլտված ռուս օդաչուին։

