Ադրբեջանցիները կրակել են Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է Պետրոսյանների տան տանիքը, 2 փամփուշտ է հայտնաբերվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիկոլ Փաշինյանը որքան բարձր է գոռում իր նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկի», Ադրբեջանի հետ սպասվող խաղաղության պայմանագրի ստորագրման ու ճանապարհների ապաշրջափակման մասին, այնքան Ադրբեջանն իր կրակոցներով ավելի է խլացնում խաղաղության մասին Հայաստանի կոչերը։ Նախօրեին Ադրբեջանի դիրքերից կրակել են Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ, վնասել Պետրոսյանների տան տանիքը։
«Սկզբից կրակում էին ավտոմատներով, հետո ավելի խոշոր զենքով՝ ՊԿ-ով, ձայներից արդեն հասկանում ենք, թե ինչ զինատեսակներ են կիրառվում։ Մտածում էինք, թե իրենց մոտ «Նովրուզ բայրամի» տոնն ա, դրա համար են կրակում, բայց դրանք դարձել են ամենօրյա։ 2 օր առաջ կրակել են մեր հարևան Սենիկենց տան կտուրին, «պուլյաները» առավոտյան են հայտնաբերել։ Բա որ հանկարծ մարդու կպներ, ո՞վ էր դրա պատասխանը տալու»,- MediaHub-ին ասում է Խոզնավարի բնակիչը։
Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանն էլ ասաց, որ փամփուշտները գյուղում հայտնվել են պատահական, թիրախավորված չեն կրակել։ Նա հորդորեց, որ խուճապ չտարածենք։
2020 թվականից հետո առաջնագիծ դարձած Խոզնավարի բնակիչները, չեն տրվում թշնամու սադրանքին, խուճապահար չեն լինում, փոխարենն անհանգստանում են դիրքապահների համար՝ «հանկարծ մարտեր չսկսեն, էլի զոհեր չտանք»։
Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ Պետրոսյանների տան տանիքը վնասվել է ադրբեջանական կողմի կրակոցներից, գյուղում հիմա մտահոգությունն ավելացել է։
«Մենք չենք հավատում ո՛չ իշխանություններին, ո՛չ պաշտպանության նախարարության հաղորդագրություններին։ Մենք ենք էստեղ ապրում ու տեսնում ենք, որ Ադրբեջանը մեզ հետ խաղաղություն չի ուզում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Խոզնավարում, հարևան Վաղատուրում, Խնածախում և մյուս սահմանամերձ բնակավայրերում հրադադարի պահպանման ռեժիմն, ըստ գյուղացիների, խախտվել է ուշ գիշերին, կրակել են 2-ից 3 րոպե տևողությամբ։
Հունան Թադևոսյան
Հետևեք մեզ՝ այստեղ