Ռուսական ցորենը զբաղեցրել է հայկական շուկայի 30%-ը
ՀասարակությունՌուսական ցորենը զբաղեցրել է հայկական շուկայի 30%-ը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Մանչո գրուպ» ընկերության տնօրեն Իվան Մոսոյանը՝ հավելելով, որ մինչեւ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունն այն տեղական շուկայում չկար:
Ռուսական ներկրման հետ մրցակցելու համար հայկական ալրաղաց ընկերությունները 2015 թվականի ընթացքում ալյուրի 50 կգ-անոց պարկի գինը նվազեցրել են 1000 դրամով:
«Գումարած դրան՝ անցյալ տարի բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագինը, այդ պատճառով գները նվազեցրել ենք գրեթե ինքնարժեքի չափով՝ գոյատեւելու համար»,- հայտարարեց նա:
Ռուբլու անկմանը զուգահեռ, ներկրողների համար Ռուսաստանից ալյուր ներմուծելն ավելի շահավետ է դարձել, քան ալրաղաց ընկերությունների համար՝ այնտեղից ցորեն բերելն ու այստեղ աղալը:
Նշենք, որ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալներով, 2015 թվականի ընթացքում բարձր կարգի ալյուրի 50 կգ-անոց պարկի գինը նվազել է 18%-ով՝ 13.700 դրամից հասնելով 11.300 դրամի (շուրջ 23 դոլարով - խմբ.): Առաջին կարգի ալյուրի մեծածախ գինը նվազել է 19%-ով, իսկ երկրորդ կարգինը՝ 31%-ով: