Կրակոցը լսել են, գնացել են. Արցախում մահացած Դավիթի ծառայակիցները նրան հայտնաբերել էին ընկած վիճակում
Ուշադրության կենտրոնումԱրցախում փետրվարի 18-ին մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Դավիթ Տերտերյանին կրակոցի ձայն լսելուց հետո ծառայակիցները հայտնաբերել են ընկած վիճակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթի հորեղբայրը` Ռուբեն Տերտերյանը` նշելով, որ այդ մասին իրենց պատմել են հուղարկավորությանը եկած Դավիթի ծառայակից ընկերները: Նրանց խոսքով, Դավիթը բանակում ոչ ծառայակիցների, ոչ էլ հրամանատարության հետ խնդիրներ չի ունեցել, նրա վարքում ոչ ոք տարօրինակություններ չի նկատել:
«Կրակոցը լսել են, գնացել են ընկած է եղել։ Անկախ նրանից, թե ինչ տրամադրություն է ունեցել, Դավիթն իրեն չէր խփի, նա չէր էլ կարող իրան խփել գլխից: Ոչ ծառայակիցների, ոչ էլ ղեկավարության հետ խնդիրներ չի ունեցել, դեռ ոչ մի ստույգ բան չգիտենք, միայն վստահ ենք, որ նա չէր կարող իրեն խփել»,-ասաց Ռուբեն Տերտերյանը` նշելով, որ նախաքննություն է ընթանում եւ սպասում են նախաքննության ավարտին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռ չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը:
Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը: