Independent. Թուրքիան վտարյալ պետություն է դարձել
ՄիջազգայինՍեփական ժողովրդի հանդեպ թուրքական կառավարության դաժան գործողությունները, ԻՊ-ի ահաբեկիչների հետ Անկարայի կապերը եւ նախագահ Ռեջեփ Էրդողանի բռնապետական իշխանությունը Թուրքիային լիովին վարկաբեկել են այլ երկրների աչքում, գրում է The Independent-ը:
Վերջերս իր տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպան Ունալ Չեւիքոզը հայտնել էր, թե այժմ ԱՄՆ-ը եւ միջազգային կոալիցիան Անկարային ոչ թե դաշնակից են համարում, այլ ավելի շուտ բեռ: «Երկիրը վերջնականապես կորցրել է տարածաշրջանում խնդիրների լուծմանը եւ հակամարտությունների կարգավորմանը նպաստելուն ունակ կարեւոր խաղացողի իր դերը», — ասել է նա:
Պետության «անկման» մեջ առանցքային դեր խաղաց նրա նախագահը, որը վերջերս չափազանց հաճախ էր անտարբերություն դրսեւորում ոչ միայն միջազգային օրենքների, այլեւ մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների նկատմամբ` համարելով, որ պետության ղեկավարի կարգավիճակը թույլ է տալիս իրեն դնել օրենքի տեղում եւ միանձնյա որոշել յուրաքանչյուր քաղաքացու ճակատագիրը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Վերջին աղաղակող դեպքը, երբ Էրդողանը հայտնեց, թե չի ճանաչում Ջան Դյունդարի ձերբակալության անիրավականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, անցնում է բոլոր սահմանները եւ նախագահին հասարակության համար ծայրաստիճան վտանգավոր է դարձնում: Էրդողանն ամեն տեղ թշնամիների է տեսնում, եւ նախագահին վիրավորելու համար մեղադրվող մարդկանց ցուցակն անընդհատ աճում է. «մեղավորների» թվում արդեն հայտնվել են ֆուտբոլի աշխարհի նախկին չեմպիոն, թերթերի խմբագիրներ, գիտնականներ եւ համալսարանի ուսանողներ: Այսօրվա դրությամբ 1,845 մարդ պատասխանատվության է կանչվել այդ հանցագործության համար, գրում է հոդվածի հեղինակը: