Հերթական պաշտոնանկությունը ոստիկանությունում. Այս անգամ հերթը Երևանի փոխոստիկանապետինն էր
Ուշադրության կենտրոնումՈստիկանության համակարգում հերթական պաշտոնանկությունն է տեղի ունեցել: ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երեւանի ոստիկանապետի տեղակալ Արմեն Գարդուզյանը:
Ըստ համակարգում շրջանառվող լուրերի, նրա աշխատանքից ազատման պատճառը նույնն է, ինչ նախօրեին տեղի ունեցած պաշտոնանկությունների դեպքում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 2-ին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնազրկվել էին միանգամից չորս ոստիկանապետեր՝ Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, որը Շիրակում հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը եւ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:
Ըստ տեղեկությունների՝ նրանց պաշտոնանկության պատճառը եղել է մոտ մեկ ամիս առաջ պատգամավորներից մեկի ծննդյան արարողությանը մասնակցելը, որին ներկա է եղել նաեւ հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցիչ Թեւոսիկը` Թեւոս Սաֆարյանը: Այսինքն՝ եթե ոստիկանապետը «հաց է կիսում» քրեական հեղինակության հետ, բնական է՝ չի կարող օրենքով իրեն վերապահված պարտականությունները պատշաճ կատարել: