Անցնող շաբաթվա ընթացքում հնարավորություն եղավ մեկ օրով այցելել Աբու Դաբիում անցկացվող աշխարհի խոշորագույն IDEX ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. Չալաբյան
Blog
«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անցնող շաբաթվա ընթացքում, ի թիվս այլ գործերի, հնարավորություն եղավ մեկ օրով այցելել Աբու Դաբիում անցկացվող աշխարհի խոշորագույն IDEX ռազմարդյունաբերական ցուցահանդեսը: Նախկինում, երբ ես շատ ավելի անմիջական էի զբաղվում ռազմարդյունաբերությամբ, ամբողջ շաբաթն անցկացնում էի այս ցուցահանդեսում, քանի որ սա սովորելու, աշխարհի լավագույն փորձն ուսումնասիրելու, նոր կապեր ստեղծելու բացառիկ հնարավորություն էր:
Այս անգամ ժամանակը կարճ էր, ուստի ստիպված էի կենտրոնանալ միայն ընդհանուր տրենդերը հասկանալու վրա: Ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ դրոնները և հակադրոնային պայքարը, սակայն առաջին պլան է դուրս գալիս դրոնների կառավարումը արհեստական բանականության միջոցով, մարդու նվազագույն մասնակցությամբ: Ավելի բարձր մակարդակով, կատարելագործվում են հրթիռային տեխնոլոգիաները, և հայելային՝ պայքարը դրանց դեմ, վերջինիս համատեքստում ասպարեզ են գալիս գերհզոր լազերային խոցող համակարգեր, հզոր ռադարներ, արբանյակային դիտարկման համակարգեր, և այլն:
Այս ցուցահանդեսը նաև լավ հնարավորություն է մեկ տեղում տեսնել մեր հայրենական ռազմարդյունաբերական ընկերություններին, նրանց կողմից առաջարկվող նոր մշակումները, քննարկել համագործակցության հնարավորությունները: Ուրախ էի տեսնել, որ մեր գործընկերներից շատերը լավ առաջընթաց ունեն, ցուցահանդես են բերում մրցունակ պրոդուկտներ, թեև եղածով երբեք չենք կարող բավարարվել: Շնորհավորում եմ նրանց, և նոր հաջողություններ ցանկանում մեր երկրի պաշտպանության կարևոր գործում: