ԵՄ-ն փախստականների խնդիրների լուծման համար լրացուցիչ 700 մլն եվրո կհատկացնի
ՄիջազգայինԵվրահանձնաժողովը փախստականների խնդիրների լուծման համար լրացուցիչ 700 մլն եվրո կհատկացնի մինչեւ 2018թ.։ Այս մասին հայտնել է ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Սիլիանիդիսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր լրացուցիչ օգնության իմ առաջարկը հավանություն է ստացել Եվրահանձնաժողովի կողմից։ Դրա համաձայն՝ Եվրահանձնաժողովը 700 մլն եվրո կհատկացնի առաջիկա 3 տարում»,- ասել է նա։
Միջոցները հատկացվելու են ԵՄ երկրներ ժամանող երեխաներին, կանանց եւ տղամարդկանց առաջին անհրաժեշտության իրեր մատակարարելու համար։
Նրա խոսքով՝ այս տարի կհատկացվի 300 մլն եվրո, իսկ 2017-2018թթ.՝ 200-ական մլն եվրո։ Եվրահանձնակատարի խոսքով՝ այդ գումարը չի լուծի միգրացիոն ճգնաժամը։ «Մենք չպետք է պատրանքներ տածենք։ Միգրացիոն ճգնաժամը լուծելու համար պետք է հասկանալ դրա արմատական պատճառները այն երկրներում, որտեղից նրանք գալիս են՝ Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից»,- նշել է նա։