Հռոմ. Հատուկ ջոկատայինները դահլիճից հեռացրել են Բաքվի բղավող դիվանագետներին
HeaderԻտալական հատուկ ջոկատայինները դահլիճից դուրս են բերել Բաքվի բղավող դիվանագետներին: Դեպքը տեղի է ունեցել Հռոմում, մարդու իրավունքների հարցերով համաժողովի ժամանակ, որը կազմակերպել են Amnesty International-ի իտալական մասնաճյուղն ու Իտալական մամուլի ազգային ֆեդերացիան (FNSI):
Իտալական Osservatore Balcani e Caucaso պարբերականի թղթակից Սիմոնե Ձոպելարոն NEWS.am-ին հայտնեց, որ ադրբեջանական դեսպանությունը նախկինում նույնպես ճնշում է գործադրել՝ Ադրբեջանում մարդու իրավունքների քննարկումները սաբոտաժի ենթարկելու համար: Ծրագրվում էր Իտալիայում այդպիսի 4 միջոցառում անցկացնել ադրբեջանական հայտնի հասարակական գործիչներ Արիֆ եւ Լեյլա Յունուսների դստեր՝ Դինարա Յունուսի մասնակցությամբ:
Ադրբեջանական կողմի ճնշումների պատճառով Ֆլորենցիայի դպրոցներից մեկում նախանշված մի միջոցառումը ստիպված են եղել փոխադրել այլ վայր:
«Իսկ Հռոմում կայացած հանդիպմանն ադրբեջանական դեսպանատան աշխատակիցներն անձամբ ներկայացան: Դեսպանության առաջին խորհրդականին խոսքի իրավունք չտվեցին, եւ նա սկսեց բղավել: Միջամտեց հատուկ նշանակության ոստիկանությունը եւ դուրս տարավ նրան ու մյուս աշխատակիցներին: Ոստիկանություն էր կանչել Amnesty-ն, որը մի քանի օր առաջ սպառնալիքներ էր ստացել»,- պատմեց Ձոպելարոն: