Դանակահարված 23-ամյա երիտասարդին վիրահատել են. հարուցվել է քրգործ
Ուշադրության կենտրոնումՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 23-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտիեց NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 00:10-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանի «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երեւան քաղաքի բնակիչ, 23-ամյա Բ. Թորգոմյանը:
«Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ Բ. Թորգոմյանը վիրահատվել է, որի ընթացքում պարզվել է, որ վերքը թափանցել է որովայնի խոռոչ՝ առանց ներքին օրգանների վնասման:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: