Մեծ Բրիտանիայում հեռացրել են գնդակի չափեր ունեցող ուռուցքը
ՀասարակությունՄեծ Բրիտանիայում բժիշկները հեռացրել են 63-ամյա հիվանդի հսկայական ուռուցքը, որը ֆուտբոլի գնդակի չափեր ուներ: Դեպքը նկարագրված է BMJ Case Reports ամսագրում:
Տղամարդը հիվանդանոց էր գնացել, երբ այլեւս ի վիճակի չէր թեքել գլուխը, իսկ նորագոյացությունը սկսել էր ուսի հատվածում ուժեղ ցավ պատճառել: Միաժամանակ ինքը` ուռուցքը, մի քանի տարվա ընթացքում կայուն աճում էր, իսկ քաշը մոտեցել էր երկու կգ-ի:
Տղամարդն ուժեղ ծակծկոց էր զգում, սակայն ուրիշ ոչ մի ախտանիշ չուներ: Բժիշկները շոշափման ընթացքում նկատեցին, որ այդ տպավորիչ զանգվածը դիպչելիս փափուկ է եւ լավ պատիճավորված: Վիրահատության ընթացքում նրանք հեռացրեցին հսկայական ուռուցքը` խուսափելով որեւէ նյարդ վնասելուց: Պրոցեդուրայի վերջնական փուլում վիրաբույժները կտրեցին նաեւ ավելորդ մաշկը:
Հիվանդին լրացուցիչ պլաստիկ վիրահատություն անհրաժեշտ չեղավ, որովհետեւ արտաքին վնասվածքներ չուներ, ինչպես հաղորդում է ամսագիրը: Վիրահատությունից հետո բժիշկները չափեցին ուռուցքը եւ պարզեցին, որ երկարությունը 30 սմ է, իսկ լայնությունը` 20 սմ: Թեստերը ցույց տվեցին, որ ուռուցքը բարորակ լիպոմա է, այսինքն կազմված է ճարպային բջիջներից:
Լիպոմաները կարող են զարգանալ մարմնի տարբեր մասերում, սակայն ամենից հաճախ հանդիպում են ձեռքի եւ իրանի հատվածում: Սովորաբար այդ ուռուցքները դիտարկվում են 40-ից 60 տարեկան մարդկանց մոտ` ցավեր չառաջացնելով, լինելով փափուկ եւ փոքր չափի: Նրանց միջին տրամագիծը 1 սմ է կազմում, բայց երբեմն մեծանում է մինչեւ 10 սմ: Լիպոմայի բուժման ավանդական միջոցը վիրահատական միջամտությունն է կամ լիպոսակցիան: