Հայաստանում աշխատում է աշխատունակ տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց 8-9 տոկոսը
ՀասարակությունԱշխատունակ տարիքի 170.000 հաշմանդամություն ունեցող անձանց 8-9 տոկոսն է աշխատում Հայաստանում: Այս մասին այսօր` փետրվարի 29-ին,լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:
Արմեն Ալավերդյանի խոսքով, չնայած վերջին տարիներին գործատուների կողմից դրական միտում կա` հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու, այնուամենայնիվ, նրանց շրջանում գործազրկության 91 տոկոս ցուցանիշը շարունակում է մտահոգիչ մնալ:
«Եթե նախկինում հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի ընդունելը կամ ակցիա էր, կամ բարեգործություն, ապա հիմա գործատուները հաշվարկ են անում. պետական ծրագրեր կան, որոնք հաշմանդամություն ունեցող աշխատակից ունենալու դեպքում նախատեսում են աշխատավարձի մասնակի փոխհատուցում, աշխատատեղի հարմարեցում: Սրանց համար բավականին մեծ գումարներ է պետությունը փոխանցում գործատուին»,- նշեց Արմեն Ալավերդյանը:
Վերջինի խոսքով, հաշմանդամություն ունեցող աշխատակից ունենալը ոչ միայն շահավետ է գործատուի համար, այլեւ օգտակար, քանի որ ըստ միջազգային հետազոտությունների` հաշմանդամություն ունեցող անձինք ավելի նվիրված աշխատողներ են, վտանգը, որ նրանք կփոխեն աշխատանքը, շատ ավելի ցածր է:
«Միգուցե լավ օրից չէ, որ հաշմանդամը չի փոխի աշխատանքը կամ մի տարի հետո ռեզյումեն չի ուղարկի այլ աշխատանքի համար, սակայն գործատուին դա ձեռնտւ է, քանի որ նա հենց տեղում կզարգացնի իր հմտությունները, կարիերա կանի»,- նշեց նա:
NEWS.am-ի այն հարցին, արդյոք այս հանգամանքը խոցելի չի դարձնում հաշմանդամություն ունեցող անձին եւ բարձրացնում գործատուի կողմից շահագործվելու կամ ցածր վճարվելու վտանգը, Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ դրանք կանխելու համար իրավական մեխանիզմներ կան, բայցեւ չհերքեց, որ կարող են նման ռիսկեր լինել:
«Ռիսկն ամեն տեղ էլ կա, բայց ադեկվատ գործատուները նույն աշխատանքի համար կվճարեն նույն գումարը: Ուրիշ հարց է, որ ցածր աշխատավարձով չես կարող հրապուրել շատ մարդկանց, իսկ հաշմանդամություն ունեցող մարդիկ կգան աշխատելու»,- ասաց Արմեն Ալավերդյանը: