10-ամյա տղան գիշերօթիկում ծագած վիճաբանությունից հետո է ինքնասպանության փորձի սպառնալիք տվել. ԱԻՆ
Ուշադրության կենտրոնումԵրեխաների խնամքի եւ պաշտպանության Երեւանի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում ինքնասպանության փորձի սպառնալիք տալուց առաջ 10-ամյա տղան, ըստ ԱԻՆ-ի, վիճաբանել է մեկ ուրիշ տղայի հետ, մինչդեռ գիշերօթիկի տնօրինությունը թաքցնում է այս փաստը:
Արտակարգ իրավիճակների նախարարության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին տեղեկացրին, որ դեկտեմբերի 27-ի երեկոյան երեխաների տատիկի ահազանգից հետո գիշերօթիկ մեկնած խումբը պարզել է, որ 10-ամյա եւ 14-ամյա եղբայրներն իսկապես սպառնացել են ինքնասպան լինել կախվելու միջոցով: Նրանցից կրտսերը մինչ այդ վիճել է մեկ ուրիշ տղայի հետ, ինչն էլ պատճառ է հանդիսացել, նա զանգել է տատիկին ու նման բան ասել:
Նշենք, որ գիշերօթիկից մեզ հետ զրույցում ասել էին, թե երեխան կախվելու սպառնալիք չի տվել, միայն զանգել է տատիկին, լացել, որովհետեւ տատիկը չի եկել իրեն տուն չի տարել հանգստյան օրերին: Գիշերօթիկի աշխատակիցն ասել էր, թե տատիկը պարզապես ենթադրել է, որ հնարավոր է՝ երեխան ինքնասպան լինի, քանի որ նախկինում նման փորձ արել է ու ահազանգել է ԱԻՆ:
Նշենք, որ ԱԻՆ-ում ահազանգը եղել է դեկտեմբերի 27-ին՝ 19:00-ի սահմանում: Դեպքի վայր են մեկնել նաեւ հոգեբաններ, որոնք հոգեբանական զրույց են տարել երեխաների հետ: