Ադրբեջանի ՆԳՆ-ն մանրամասներ է պատմել Գաբալայի բնակիչների՝ հայկական կողմն անցնելու փորձի մասին
ՄիջազգայինNews.am-ը գրում է .
Թեպետ Ադրբեջանի Գաբալայի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Աբիլ Աղասեֆերովը հերքել էր այն տեղեկությունը, որ մի խումբ ադրբեջանցիներ փորձել են անցնել հայկական կողմը, սակայն ՆԳՆ մամուլի ծառայության փոխխոսնակ Էսհան Զահիդովը հաստատել է այդ փաստը, տեղեկացնում է minval.az-ը։
«Փետրվարի 27-ին Գաբալայի շրջանի 25 բնակիչներ, որոնց թվում՝ մանկահասակ երեխաներ, գիշերը մտնելով Աղդամի շրջանի Միրբաշիրլի գյուղ, հայտնել են, որ կանցնեն հայկական կողմը, եթե իրենց ազատազրկված հարազատներին բաց չթողնեն։ Մարդկանց այդ խումբը ձերբակալել էր եւ հանձնվել իրավապահներին»,- ասել է նա տեղական լրատվամիջոցներին։
Զահիդովը նշել է, որ նրանցից բացատրական են վերցրել։ «Ոստիկանության բաժնում նրանցից յուրաքանչյուրից բացատրական են վերցրել եւ զրուցել հետները։ Նրանց հետ են ուղարկել Գաբալայի շրջան։ Ներկայումս հետաքննություն է ընթանում, որից կախված՝ իրավական գնահատական կտրվի»։