«Դատապարտյալների հիվանդանոց»-ում բուժում են ստանում 158 դատապարտված և կալանավորված անձինք
ՀասարակությունՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2015թ. ընթացքում ստացիոնար բուժօգնություն են ստացել 822 դատապարտյալներ և կալանավորված անձինք (2014թ.` 953), իսկ ամբուլատոր ընդունելությունների թիվը 85 408 է (2014թ.`76911): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, ստոմատոլոգիական բուժօգնություն է ստացել 3716 (2014թ.`3742) ազատազրկված անձ, դիսպանսեր հաշվառման են վերցվել 1705 (2014թ.`1392) դատապարտյալներ և կալանավորված անձինք:
2015 թվականի ընթացքում անց են կացվել նաև բազմաբնույթ հետազոտություններ. լաբորատոր հետազոտությունների թիվը 12 436 է, ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններինը` 4969, ռենտգենագրաֆիկը`2892: 2015 թվականին ՀՀ տարբեր առողջապահական մարմինների բուժհիմնարկներ` քաղաքացիական հիվանդանոցներ են ուղեգրվել 778 (2014թ.`708) ազատազրկված անձինք:
Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների պատճառով պատժի կրումից 2015թ. ընթացքում ազատվել են 9 (2014թ.`2) դատապարտյալներ:
Այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բուժում են ստանում 158 դատապարտված և կալանավորված անձինք (2014 թվականի փետրվարի 28-ի դրությամբ` 171):