Գասպարիին աջակցելու նպատակով դրամահավաքն ավարտվեց. Հայտնի է գումարի չափը
ՀասարակությունՔաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին աջակցելու նպատակով այսօր` փետրվարի 28-ին Ազատության հրապարակում անցկացված դրամահավաքն ավարտվեց: Մասնակիցներից Արգիշտի Կիվիրյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հավաքվել է 95 հազար 670 դրամ, 200 դոլար եւ 50 եվրո: Դրամահավաքը նախաձեռնել էին Անի Կաղինյանը, Մարիա Հովսեփյանը եւ Արգիշտի Կիվիրյանը:
Ըստ նրանց, Վարդգես Գասպարին եւ իր ընտանիքը այս ընթացքում ծանր բարոյական, հոգեբանական տրավմայի են ենթարկվել, կրել են նյութական կորուստներ եւ Գասպարիի բանտից ազատվելուց հետո այս դրամահավաքը ամենեւին չի կորցրել իր անհրաժեշտությունը: Յոթ օր Նուբարաշենի բանտախցում ենթարկված խոշտանգումների եւ հոգեբանական ճնշումների հետեւանքով Վարդգես Գասպարիին անհրաժեշտ է վերականգնվել:
Նախաձեռնության միտքը պատկանում է միմիայն նախաձեռնող խմբի անդամներին, դրամահավաք կազմակերպելու կամ նյութական օգնություն տրամադրելու առումով Գասպարիի ընտանիքից երբեւէ որեւէ առաջարկ կամ խնդրանք չի եղել։ Սա ՀՀ քաղաքացիների ցանկությունն է, որը պետք է իրականացվի ամենայն թափանցիկությամբ եւ հրապարակայնությամբ։ Դրամահավաքին մասնակցող անձանց բոլորի անունները եւ տրամադրվող գումարի չափը (այդ անձանց ցանկության դեպքում) հրապարակվելու են։
«Վարդգես Գասպարին այն եզակի անձանցից է, ով միայնակ եւ անկախ հանգամանքներից անկոտրում պայքարել եւ պայքարում է ՀՀ-ում ՀՀ քաղաքացիների նկատմամբ տիրող անպատժելիության եւ ապօրինությունների դեմ»,- նշեց Արգիշտի Կիվիրյանը։