Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված թատերական ներկայացում են ստեղծել
Մշակույթ
Արգենտինացի դրամատուրգ Ալեխանդրո Խենեսի «Ժխտում» ներկայացումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հավակնում է դառնալ Արգենտինայում ամենասպասված ներկայացումներից մեկը, որը կարող է արժանանալ նաեւ տարվա լավագույն ներկայացման մրցանակին:
Ինչպես հաղորդում է «PrensaArmenia.com.ar»-ը, ներկայացման պրեմիերան կկայանա հունիսի 4-ին: «Ժխտում»-ը աշխատանք է, որը քննարկում է այսօր էլ արդիական մի հարց` հայերի ցեղասպանությունը, անօրինականությունն ու ժխտողականությունը: Դեռ մանկուց ես անընդհատ լսում եմ «ցեղասպանություն» բառը, ոչ միայն այն պատճառով, որ արգենտինացի եմ, այլեւ կիսով չափ լեհ: Ցեղասպանությունը սարսափելի, բարբարոսական արարք է, հետեւաբար, որեւէ ցեղասպանություն չպետք է ժխտվի, դրանք պետ ք է ճանաչվեն, որպեսզի կանխարգելվեն ապագայում նման բարբարոսությունները»,- ասել է Խենեսը` հավելելով, որ թատրոնը կարող է լայն զանգվածների համար լինել հարթակ, որտեղ նրանք կծանոթանան պատմական իրադարձություններին, գաղափարներին, հիշողության, և այդ կերպ մարդկությունը տեսակետ կձեւավորի 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ:
Խենեսը նաեւ ընդգծել է, որ ցեղասպանությունների իրագործման դեմ պայքարում պետք է օգտագործել զանգվածային լրատվության բոլոր միջոցներն ու լեզուները եւ համաշխարհային հանրությանը ներկայացնել հայ ժողովրդի պատմական հիշողությունը, իրականությունն ու արդարադատության պահանջը: