Տարի է լինում` երեխա չի ծնվում. Հատիսի համայնքապետ
ՀասարակությունԿոտայքի մարզի Հատիս համայնքում տարեկան միջինը 2-3 ծնունդ է գրանցվում, տարի է լինում` դա էլ չի լինում: Այս մասին NEWS.am-ին հետ զրույցում հայտնեց Հատիսի համայնքապետ Սամվել Գարսեւանյանը:
Ըստ գյուղապետի`404 բնակիչ ունեցող գյուղում երեխաների հազվադեպ ծնունդը պայմանավորված է սակավադեպ ամուսնություններով, ինչն էլ իր հերթին ծանր սոցիալական պայմանների հետեւանք է:
«Շատ երիտասարդներ ունենք, արդեն 27-28 տարեկան են, բայց չեն ամուսնանում: Իրենք իրենց ծխախոտի փողը չեն կարողանում առնեն, ընտանիք ո՞նց պահեն»,- ասաց համայնքապետը:
Սամվել Գարսեւանյանի խոսքով` երիտասարդների մի մասն ապրուստ վաստակելու եւ ամուսնանալու հույսով հեռանում է գյուղից, սակայն վերադառնալ եւ ընտանիք կազմել`չի շտապում:
«Որ դուրս են գնում, էլ չեն գալիս»,- նշեց գյուղապետը:
Սոցիալական դժվարին պայմանների հետեւանքները Հատիսում զգում են հատկապես վերջին տարիներին: Գյուղապետի խոսքով` վերջին 3-4 տարում մի քանի տասնյակ բնակիչներ են լքել գյուղը:
«Ինչն արտադրում են, չի վաճառվում, աշխատանք չկա էստեղ, մի ձեւ պետք է գոյությունը պահե՞ն էդ մարդիկ , թե չէ»,- նշեց գյուղապետը: