Արգենտինացիները յուրյան շրջանի քարացած մնացորդների խոշոր տեղանք են հայտնաբերել
ՄիջազգայինԱրգենտինական Պատագոնիայում յուրյան դարաշրջանի քարացած մնացորդների՝ աշխարհի ամենամեծ տեղանքն են հայտնաբերել: Արգենտինայի Գիտական եւ տեխնիկական հետազոտությունների ազգային խորհրդի (CONICET) մասնագետների հավաստմամբ, դրանց ընդհանուր մակերեսը 60 հազար քառակուսի կիլոմետր է:
Հետազոտողների խմբի ղեկավար Խուան Գարսիա Մասինիի խոսքով, գիտնականներին տասնյակ տարիներ են անհրաժեշտ՝ պարկի ամբողջ տարածքն ուսումնասիրելու համար:
Մասնագետներին արդեն հաջողվել է քարերում շատ լավ պահպանված միջատների հետքեր գտնել, ինչպես նաեւ բույսեր եւ սնկեր, որոնց տարիքը 140-160 մլն տարեկան է:
Գիտնականի խոսքով, էրոզիայի շնորհիվ մնացորդները մակերեսային են, ինչը զգալիորեն դյուրացնում է իրենց աշխատանքը: Ըստ ՏԱՍՍ-ի, քարացած մնացորդների դիրքով հնագետները մտադիր են ընդհանուր պատկերացում ստանալ դինոզավրերի ժամանակների տեղի բնապատկերի մասին: