Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի և Արարատի մարզի մի շարք հուշարձաններ՝ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի, Պտղնիի տաճար, Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Խումարաժամ խոնարհված բազիլիկ, Հավուց Թառ վանական համալիր, Սբ. Կարապետ Մատուռ, Բայբուրդի 5-7 դդ․ եկեղեցական համալիր, Աղջոց Սբ. Ստեփանոս վանական համալիր և Գառնու հեթանոսական տաճար։
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցին վերականգնվում է Պաշտպանության նախարարության միջոցներով։ Շինարարի, հեղինակային և տեխնիկական հսկողության մասնագետների հետ տեղում քննարկվել են իրականացվող աշխատանքները, նախագծային լուծումների վերաբերյալ ներկայացվել են մասնագիտական դիտարկումներ։
Պտղնիի տաճարում և Հավուց Թառում քննարկվել են տարիներ առաջ իրականացված վերականգնման նախագծերը, ուսումնասիրվել է հուշարձանների տեխնիկական վիճակի փոփոխությունը։ Հաշվի առնելով եկեղեցիների խիստ վթարային վիճակը՝ Պտղնու տաճարի նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքները նախատեսվում են սկսել 2025 թվականին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով 2025 թ․ կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները։