Ստամբուլահայ տարեց կնոջ սպանությունը պետության ձեռքով հայի վրա ջարդվեց. թուրք փաստաբան
ՀասարակությունՍտամբուլի Սամաթիա թաղամասում 85-ամյա հայուհու սպանության գործով կայացված դատավճիռը չի բավարարել տուժող կողմի փաստաբան Էրեն Քեսքինին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, դատարանի որոշումից դժգոհ Էրեն Քեսքինը քննադատել է սպանության գործով տարված թերի հետաքննությունը։ նա շեշտել է, թե դատավարության սկզբից էլ իրենք պնդել են, որ այն ատելության հողի վրա իրականացված սպանություն է, եւ ապացուցած է, որ դեպքի վայրում այլ անձիք էլ են եղել։
«Տեղի ունեցածը պետության ձեռքով ջարդեցին հայի գլխին»,-ասել է Էրեն Քեսքինը։
Նշենք, որ Ստամբուլի դատարանը 85-ամյա Մարիցա Քյուչուքին սպանելու մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտել ստամբուլահայ Մուրադ Նազարյանին։ Վերջինս չի ընդունել մեղքը՝ պնդելով, որ ինքը կյանքում որեւէ մեկի հետ նույնիսկ չի վիճել եւ խոսք չի կարող լինել մարդ սպանելու մասին։
2012-ի դեկտեմբերին եւ 2013-ի հունվարին Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումներ էին տեղի ունեցել։ Այդ հարձակումների կատարման մեջ կասկածանքով ձերբակալվել է ստամբուլահայ Մուրադ Նազարյանը։
Մուրադ Նազարյանին ճանաչողները պնդում են, թե նա շատ հանգիստ անձնավորություն էր եւ անհավատալի է, որ նրան նման բանում են մեղադրում։
Բացի այդ, դեպքի վայրում այլ մարդկանց պատկանող արյան հետքեր են հայտնաբերվել, ինչին դատարանը եւս ուշադրություն չի դարձրել։