Բաղրամյան պողոտայում պառկելու համար բերման ենթարկված ակտիվիստների թիվը 9-ն է
Ուշադրության կենտրոնումԲաղրամյան պողոտայում «Ազատություն Վարդգես Գասպարիին» պահանջով ակցիայից այսօր՝ փետրվարի 25-ին, բերման ենթարկվածների թիվը 9-ն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ոստիկանության մամուլի ծառայությունից:
Նախագահական նստավայրին մոտենալ փորձող, ապա գծանցումին պառկած երիտասարդներից 6-ը տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական, 3-ը՝ Արաբկիրի բաժին:
Վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմելուց հետո բերման ենթարկվածները սահմանված ժամկետում՝ երեք ժամվա ընթացքում ազատ կարձակվեն:
Նշենք, որ ոստիկանությունից հայտնեցին, որ ակտիվիստները տարբեր ժամերի են բերման ենթարկվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում մի խումբ երիտասարդներ «Ազատություն Վարդգես Գասպարիին» պահանջով կրկին պառկել են Բաղրամյան պողոտայում:
Ակտիվիստները փորձել են մոտենալ, ըստ նրանց, իրենց պահանջի միակ հասցեատիրոջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրին, ոստիկանները սակայն թույլ չեն տվել:
Ապա ակտիվիստները պառկել են գծանցումին, որտեղից ոստիկանները նրանցից մի քանիսի ոտքերից եւ ձեռքերից բռնած հեռացրել են եւ բերման ենթարկվել: Նախնական տվյալներով՝ բերման ենթարկվածները 3-ն էին:
Նույն երիտասարդները նմանօրինակ ակցիա էին իրականացրել նաեւ փետրվարի 24-ի երեկոյան:
.jpg)