ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարին
ՎերլուծությունԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իսկական պատերազմ է հայտարարել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին և, մեծ հավանականությամբ, կհասնի նրա պաշտոնանկությանը։ Փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը մեկնաբանելով՝ Գրիգոր Մինասյանը հայտարարել էր, թե «առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի»: ՔՊ պատգամավորները, որոնք երեկ խմբակցության ղեկավարությանն են հանձնել Մինասյանի դեմ ստորագրահավաքի ցուցակները, զայրացած են նախարարի այս հայտարարությունից, իսկ Անդրանիկ Քոչարյանն ընդհուպ անցել է նախարարին ծաղրելուն, նրա պոֆեսիոնալիզմը կասկածի տակ դնելուն։ «Ես կուզեի, որպեսզի Գրիգոր Մինասյանը Սահմանադրություն կարդա, փաստորեն ՀՀ արդարադատության նախարարը սահմանադրություն չի կարդացել։ Նախարարը չգիտի, որ պատգամավորները խժդժություններով չեն զբաղվում, նրանք Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրացնում են»,- ասել է պատգամավորը։
Ըստ Քոչարյանի՝ ժողովուրդը դժգոհ է երկրում արդարադատության ռեֆորմների ընթացքից, բովանդակությունից, ինչպես նաև կադրային քաղաքականությունից․ «Պարոն Մինասյանը երեկ շատ անթույլատրելի և վտանգավոր հայտարարություն է արել: Արդարադատության նախարարն ԱԺ պատգամավորներին մեղադրում է խարդավանքների մեջ։ Եթե պարոն Մինասյանը մնալու է նախարար, պետք է դրա հետ կապված գա այստեղ բացատրություն տա՝ ով է խարդավանքով զբաղվող պատգամավորը: Կհրավիրենք, եթե պետք լինի, բայց իր հայտարարությունը շատ վտանգավոր է: Նա իրավունք չունի պատգամավորի արած գործողությանը որակավորում տա: Լավ կլինի, որ պարոն Մինասյանը նորից ընթերցի Սահմանադրությունը»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը:
Փաստացի, Փաշինյանն այժմ պետք է ընտրի, կամ Գրիգոր Մինասյա՞նը, կամ՝ Անդրանիկ Քոչարյանն ու մյուս ՔՊ-ականները։ Բարդ չէ ենթադրել, թե ում է ընտրելու վարչապետի պաշտոնին ծվարած անձը։
Աննա Սարգսյան