Էրդողանի այլասերված հումորը
ՎերլուծությունՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին: Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերին:
Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հանդիպման մասին միայն հայտնել է, որ այն տեղի է ունեցել «Թուրքիայի տանը», և որ Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը՝ ստորագրությամբ։
Պետք է արժանին մատուցել Թուրքիայի նախագահի այլասերված հումորի զգացմանը։
Ավելի արդար աշխարհ մեր տարածաշրջանում հնարավոր է միայն Թուրքիայի չլինելու դեպքում, ինչը, առնվազն ֆանտաստիկայի ժանրից է։ Ընդունելով Էրդողանի «նվերը»՝ Փաշինյանը այնպիսի երջանիկ դեմք է ընդունել, ասես, նրա կյանքի մեծագույն երազանքն է կատարվել:
Թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկն անձամբ էր մեկնել Նյու Յորքում գտնվող «Թուրքական տուն»՝ հանդիպելու Էրդողանին։ Թե՛ այդ հանգամանքը, թե՛ Փաշինյանի պահվածքը վկայում են, որքան վերջինս մնա իշխանության, այնքան Թուրքիայի ազդեցությունը ՀՀ վրա ավելանալու է՝ դրանից բխող ծանրագույն հետևանքներով։
Աննա Մակարյան