Ադրբեջանը մերժում է Փաշինյանի առաջարկները
ՎերլուծությունՆիկոլ Փաշինյանը վերստին պնդել է իր առաջարկը՝ խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերն ապագային թողնելու պատրաստակամությունը։ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում Փաշինյանն ասել է, թե 13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս երեք հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում երկու նախադասությունից, մեկը համաձայնեցված է, մյուսը համաձայնեցված չէ:
«Հաշվի առնելով, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթներն, ըստ էության, ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի անկյունաքարային հիմնարար դրույթները, մենք առաջարկում ենք վերցնել այս պահին այն, ինչ որ համաձայնեցված է, ստորագրել այն, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ», - նշել է Փաշինյանը:
Ինչպես և սպասելի էր, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դեմ է արտահայտվել խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված դրույթներով ստորագրելու, իսկ չհամաձայնեցված հարցերի շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ Հայաստանի առաջարկին։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ այդ առաջարկը չի կարող իրենց համար ընդունելի լինել։ Նա հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել բոլոր դրույթները համաձայնեցնելուց հետո։
Փաստացի, Բաքուն բացեիբաց ասում է, թե ցանկություն չունի խաղաղության պայմանագիր ստորագրելու, որքան էլ ՀՀ իշխանությունները ստորաքարշության նոր հորիզոններ նվաճեն։ Ադրբեջանն ինտենսիվորեն պատրաստվում է նոր պատերազմի, իսկ թե ինչո՞վ է զբաղված ՀՀ իշխանությունը, պարզ է յուրաքանչյուրին։
Լիլիթ Սիմոնյան