Մահացել է «Մոնգոն»՝ Ֆիդել եւ Ռաուլ Կաստրոների ավագ եղբայրը
ՄիջազգայինԿուբայում կյանքի 92-րդ տարում մահացել է Ռամոն Կաստրոն՝ կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի եւ երկրի ներկայիս նախագահ Ռաուլ Կաստրոյի ավագ եղբայրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ռամոն Էուսեբիո Կաստրո Ռուսը 1953-1959 թվականներին կուբայական հեղափոխության ժամանակ չի մասնակցել մարտական գործողություններին, քանի որ, եղբայրներից ավագը լինելով, մնացել է տանը՝ կառավարելու ընտանեկան ֆիրման եւ հոգ տանելու ծնողների մասին:
Սակայն նա հանդես է եկել իր եղբոր՝ Ֆիդել Կաստրոյի զինված ջոկատների փաստական ինտենդանտի դերում՝ նրանց մատակարարելով պարենամթերք, զենք ու վառելիք, որը բենզինի դեֆիցիտի պայմաններում նա ինքն էր պատրաստում սպիրտից:
Հեղափոխության հաղթանակից հետո Ռամոն Կաստրոն զբաղվել է կղզու գյուղատնտեսությամբ: Նա երբեք չի զբաղեցրել գյուղատնտեսության նախարարի պաշտոնը, միշտ մնացել է «կառավարության խորհրդականը», բայց հենց նրան են համարում Կուբայի տնտեսության այդ ճյուղում բոլոր սոցիալիստական բարեփոխումների նախաձեռնողը: