Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում քաղաքացիական անձանց կոտորելու մեջ
ՄիջազգայինՍիրիայում ահաբեկիչներին աջակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում քաղաքացիական անձանց կոտորելու մեջ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական ելույթի ժամանակ չի մոռացել կրկին Սիրիայում տեղի ունեցող արյունահեղության համար մեղադրել Ռուսաստանին։ Էրդողանը պնդել է, թե Ռուսաստանը քաղաքացիական անձանց կոտորելով է աջակցում Ասադի վարչակարգին։
Էրդողանն անդրադարձել է նաեւ Սիրիայի քրդերի YPG-ին՝ (Ժողովրդի պաշտպանության ուժեր) պնդելով, թե Թուրքիան իր սահմանները պաշտպանելու իրավունք ունի եւ վտանգի դեպքում հարվածելու է նրանց։ Էրդողանը պնդել է, թե թույլ չի տա Թուրքիայի հարավ-արեւմուտքում քրդական նոր զինված կառույցի ստեղծում։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոստովանել էր, որ Թուրքիան աջակցում է Սիրիայի ահաբեկիչներին։ Նա հայտարարել էր, թե Թուրքիայի շնորհիվ է, որ Սիրիայի հողերի մի մասը Ասադի իշխանության տակ չէ։